Իրակլի Ղարիբաշվիլի. Ամենակարևորը՝ խաղաղություն և բարօրություն եմ մաղթում նրանց, ում համար դեկտեմբերի 25-ը սիրո, ուրախության և հույսի տոն է

Իրակլի Ղարիբաշվիլի. Ամենակարևորը՝ խաղաղություն և բարօրություն եմ մաղթում նրանց, ում համար դեկտեմբերի 25-ը սիրո, ուրախության և հույսի տոն է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սուրբ Ծնունդն է շնորհավորում այն քաղաքացիներին, ովքեր այսօր նշում են տոնը։
«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին, ովքեր այսօր նշում են Սուրբ Ծնունդը՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Ամենակարևորը՝ խաղաղություն և բարօրություն եմ մաղթում նրանց, ում համար դեկտեմբերի 25-ը սիրո, ուրախության և հույսի տոն է»,- ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։


Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է

Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է

Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է։ Օրհնությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցիխեի Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ։Պատարագիչն էր Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը։ Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի ժողովրդին ներկայացրեց օրվա խորհուրդը և քարոզի ավարտին հոգևոր դասի անունից խորին շնորհակալություն հայտնեց բարերար՝ Անդրանիկ Բաբոյանին եկեղեցու կողքին լինելու համար։

Պատարագի ավարտին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը կատարեցին մատաղի օրհնության կարգ և բաժանեցին հավատացյալներին։

Պամաճի պարային համույթի սաները հայ-ազգային պարերով օրը էլ ավելի գեղեցկացրին ։

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Բաթումիում

Հունվարի 29-ին Բաթումիում կայացան Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որի շրջանակներում Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, կիրակնօրյա պատարագից հետո, ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման, Արցախյան ազատագրական պայքարի տարիներին և հայոց սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հիշատակին, որին հաջորդեց ծաղկեդրման արարողություն խաչքարի մոտ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից:

Արարողությանը Հայոց 25-ամյա բանակի սպաների և զինվորների քաջագործությունների մասին ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը և ՀՕՄ Բաթումիի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը:

Այնուհետև, Հայ եկեղեցուն առընթեր Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի սրահում կայացավ ընդունելություն, որի ընթացքում տեղի ունեցան Հայոց բանակի մասին պատմող վավերագրական նոր ֆիլմի ցուցադրություն և համերգ, որտեղ հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկան համայնքային երգչախումբը, կրթամշակութային կենտրոնի նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցի սաները:

Աղբյուր՝ hayernaysor.am

Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնում

Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի՛ բանակ: Համայն հայությունը հունվարի 28-ին տոնում է այս պայծառ ու հաղթական տոնը: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում ևս նշվեց Հայոց բանակի 25-ամյակը:

Միջոցառման ժամանակ զինվորական հագուստներով և եռագույն դրոշները ձեռքերին հանդես եկան ԱԵԿ-ի փոքրիկ սաները՝ փառք ու պատիվ տալով Հայոց բանակին: Բանաստեղծությունների և երգերի միջոցով նրանք փառաբանեցին քաջ ու անպարտ հայ զինվորին, ով իր կյանքի գնով պաշտպանում է Հայրենիքն ու Հայ ժողովրդին:

Տրամադրությունն ավելի տոնական դարձրեցին ԱԵԿ-ի « Հայք » պարային համույթի սաները իրենց պարային կատարումներով: Հայրենասիրական և ազգագրական երգերով հանդես եկան նաև Ալֆոն Կուլախսզյանը և Հայկուհի Խաչատրյանը:

Միջոցառման ավարտին իր ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԵԿ-ի պատասխանատու Արթուր Գաբրիելյանը: Նա նշեց, որ այս 25 տարիների ընթացքում Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր ու մարտունակ լինելը, որի վառ ապացույցներից մեկն էլ հենց Ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Հայոց բանակի շնորհիվ է, որ մենք եղել ենք ու միշտ լինելու ենք հաղթող:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ԱԵԿ-ի պատմության ուսուցիչ Վաչագան Ռստակյանը: Նա ներկայացնելով Հայոց բանակի կազմավորումն ու անցած ուղին՝ շնորհավորեց բոլորին այս հաղթական տոնի կապակցությամբ:
Փառք ու պատիվ մեր Հայոց բանակի առյուծներին:

Թբիլիսիում մեկնարկեցին Հայոց բանակի 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումները

Հայոց բանակը 25 տարեկան է: Կազմավորման քառորդ դարի ընթացքում նորովի ստեղծված Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր և մարտունակ լինելը, դարձել երկրի անկախության և ժողովրդի անվտանգության երաշխիքը՝ արժանանալով համայն հայության վստահությանը և մեծ սիրուն: Երկրի պաշտպանության և անվտանգության պահակակետում անձնուրացաբար կանգնած Զինված Ուժերի հոբելյանական տարեդարձը հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և արտերկրում նշում է հավուր պատշաճի:

2017 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում մեկնարկեցին Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումները:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի նախաձեռնությամբ «Սամի Սաուկունե» («Երեք դար») հանդիսասրահում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին:

Տոնական միջոցառմանը ներկա էին.Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն, ՆԱՏՕ կենտրոնակայանում Վրաստանի գլխավոր ռազմական ներկայացուցիչ նշանակված ԶՈՒ Գլխավոր Շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Ազգային Գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Լևան Գամղրելիձեն, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Շալվա Ջաբախիձեն, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կարևորագույն վարչությունների և ծառայությունների պետեր,Վրաստանի ուժային կառույցների բարձրաստիճան ղեկավարներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՝ հանձինս ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Իրանի, Ղազախստանի դեսպանների, դեսպանորդների, խորհրդականների, ռազմական և այլ կցորդների, Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գրասենյակի դաշտային ներկայացուցիչներ,Հարավային Կովկասում ՆԱՏՕ կապի գրասենյակի ղեկավար կազմը՝ Ուիլյամ Լահյույի գլխավորությամբ,վրաց առաջատար ռազմական փորձագետներ և ռազմական ԶԼՄ-ների թղթակիցներ, հոգևոր դասը, Թբիլիսիի և Սամցխե-Ջավախքից համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Իր օրհնաբեր ներկայությամբ միջոցառմանը մասնակցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հանդիսավորապես դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական դրոշները, հնչեցին երկու երկրների պետական հիմները: Միջոցառումն օրհնեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տ. Բաբգեն վարդապետ Սալբիյանը:

Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը ներկայացրեց օրվա խորհուրդը և հայոց բանակի պատմական ուղին՝ արժևորելով ՀՀ ԶՈՒ վերակազմավորումը և հայ-վրացական դարավոր զինակցությունը: Բանախոսը, հատկապես, կարևորեց երկու ժողովուրդների համատեղ ուժերով արտաքին թշնամուն դիմակայելու, միմյանց նեցուկ կանգնելու պատմական դրվագները, որոնց արդյունքում քրիստոնյա հինավուրց ազգերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունն ու վերականգնել կորցրած անկախությունը, զարգացնել և խորացնել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Երկկողմ ռազմական համագործակցության զարգացման ոգով ելույթ ունեցավ գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ով իր ջերմ շնորհավորանքները հայտնեց ՀՀ ԶՈՒ տարեդարձի կապակցությամբ: «Մակընթացություններով և տեղատվություններով առլեցուն աշխարհում ամեն վայրկյան ամեն ինչ ենթակա է փոփոխության, թերևս, ամենայն լրջությամբ կարող եմ ասել, փոփոխության ենթակա չէ պատմականորեն դրացի երկու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների բարեկամությունը, որն անսասան է, ինչպես այս երկու ազգերի բանակն ու զինված ուժերը,- իր խոսքում կարևորեց Վրաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետը՝ ԶՈՒ բոլոր ծառայողներին մաղթելով խաղաղ երկնակամար և անվտանգ ծառայություն:

Այնուհետև Վրաստանում ՀՀ ռազմական կցորդի կողմից Բրյուսել մեկնող գեներալ-մայորին հանձնվեց պատվո հուշատախտակ՝ երկկողմ համագործակցության զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար:

Բանակի և զինված ուժերի մարտական ոգուն և հզորությանը հարիր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խումբը (պարուսույց՝ Սուրեն Աբրամյան) ներկայացրեց «Շատախի ռազմապարը» և «Յարխուշտան», հնչեցին հայոց ազգային և ռազմական երգեր: Ռազմական կցորդի և ընդունելության պատվավոր հյուրերից գեներալներ Վախթանգ Կապանաձեի, Դավիթ Թևզաձեի և գնդապետ Ջաբախիձեի ձեռամբ կտրվեց տոնական տորթը, ինչին հետևեց պաշտոնական հյուրասիրությունը հայ, վրաց և այլ ժողովուրդների երգերի ու պարերի ուղեկցությամբ:

Հայոց բանակի օրվա տոնակատարությունը դարձավ հերոսական ճանապարհով անցած զինված ուժերի մեծարման տոն: Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի տոնակատարության միջոցառումները թբիլիսահայ համայնքում շարունակվում են: