Հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. Արցախի ԱԺ նախագահ

Հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. Արցախի ԱԺ նախագահ



Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: 
«Սիրելի հա´յ ժողովուրդ
Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության  քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը՝ Հայաստանի  Հանրապետությունը, 31 տարեկան է։
Ազգային-ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը։
Եվ այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային  ինքնությանն  ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև։ Համազգային իղձերի հանգուցալուծումների մարտավարություններում հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան:
Սեպտեմբերյան վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին մեկ անգամ ևս փաստեցին, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին  և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային  ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։
Խոնարհումս Արցախյան բոլոր պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար հայրենի հողը իրենց արյամբ սրբագրած քաջորդիների հիշատակին։
Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ Հայաստան աշխարհին և ողջ հայությանը մաղթում եմ կայուն ու ապահով խաղաղություն և բարեկեցություն։

Աստված ապավեն հայկական պետականությանը»,- նշված է ուղերձում։