Էդուարդ Աղաջանյանը Վարշավայում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները 30.11.2022 . Միջազգային

Էդուարդ Աղաջանյանը Վարշավայում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները
		30.11.2022 . Միջազգային


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Մարիա Կարապետյանի ու Սարգիս Խանդանյանի հետ նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով եղել է Վարշավայում: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից:

«Այցի շրջանակում Վարշավայում հանդիպումներ ենք ունեցել Լեհաստանի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի ու Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ, ինչպես նաև Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի և հանձնաժողովի անդամ Մարեկ Պլուրայի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես, Լեհաստանի Հանրապետություն ուկրաինացի փախստականների հոսքի ծավալները և այս համատեքստում տնտեսական մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները:
 
Մանրամասներ եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ:
 
 
Կարևորվել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների չորրորդ նիստի անցկացումը Հայաստանում՝ ԵԱՀԿ տարածաշրջանում ընթացիկ անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդ քաղաքական գործիչների և խորհրդարանականների դերակատարության տեսանկյունից:
 
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
 
ԱԺ գործընկերներիս հետ ընդգծել ենք Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը»,- գրել է Աղաջանյանը: