Դատախազության տվյալներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է բիզնես փաստաթղթերի բազմակի կեղծման մեջ։ Այս մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ, որը հրապարակել է Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգը։
Մասնավորապես, մեղադրող կողմը պնդում է, որ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ դիտավորյալ կեղծել է ֆինանսական փաստաթղթերը՝ ընտրողներից տեղեկատվությունը թաքցնելու համար 2016 թվականին:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, դատախազությունը չի կարող թույլ տալ, որ Նյու Յորքում կեղծվեն բիզնես փաստաթղթերը՝ հանցագործությունը կոծկելու համար։
Ըստ Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի՝ Թրամփի դեմ ներկայացված 34 տարբեր հոդվածներով մեղադրանքները վերաբերում են նախկին նախագահի 34 կեղծ հայտարարություններին, որոնք Թրամփը արել է հանցագործությունը թաքցնելու համար:
Ըստ Էլվին Բրեգի՝ գործը վերաբերում է Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենի կողմից 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարելուն, որպեսզի վերջինս հրապարակայնորեն չխոսի Թրամփի հետ իր նախկին սեռական հարաբերությունների մասին։
Դատախազի խոսքով՝ ավելի ուշ Թրամփը Կոենին է վերադարձրել նշված գումարը՝ 130 հազար դոլար։ Թրամփը պնդում էր, որ վճարում է փաստաբանին իրավաբանական ծառայությունների համար, սակայն դատախազն ասաց, որ դա սուտ է։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։
Դատախազության տվյալներով՝ Դոնալդ Թրամփը մեղադրվում է ֆինանսական փաստաթղթերի բազմակի կեղծման մեջ
