Ուզում ենք մեր երկիրը ապահովագրել հետագա զարգացումներից, որոնց այն պատրաստ չէ. Ալեն Սիմոնյան

Ուզում ենք մեր երկիրը ապահովագրել հետագա զարգացումներից, որոնց այն պատրաստ չէ. Ալեն Սիմոնյան

Որևէ մեկը չի ասում, թե Ադրբեջանը և Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ, դա փաստ է, նաև պետք է արձանագրենք՝ մենք ինչպե՞ս ենք տրամադրված եղել մեր հարևան երկրների նկատմամբ, նույն կերպ՝ թշնամաբար: Լավ, բա հարցը ո՞նց ենք լուծելու: Մենք ուզում ենք մեր երկիրը ապահովագրել հետագա այն զարգացումներից, որոնց մեր երկիրը պատրաստ չէ ու չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին:
Նրա խոսքով՝ կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո:
«Ես հաճախ եմ ասել, որ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում է, և կապ եմ տեսել դրանում, բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք այնպիսի մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ մեր հակառակորդ երկրներն օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում: Ես խոսում եմ ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի մասին: Եվ երբ դուք ասում եք՝ մենք մեր սխալները ունենք, այո՛, մենք էլ մեր սխալները ունենք: Կարող է այդ սխալների մեջ է մտնում նաև այն, որ օգտվում են, ու մենք դա չենք նկատում, և ջուր ենք լցնում իրենց ջրաղացին»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ բավական է՝ մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, վերցնում ենք այդ նարատիվը և դնում շրջանառության մեջ: «Դա պետք է դադարեցնել, որ ջուր չցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու»,- նկատեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, դիմելով դահլիճում նստած ընդդիմադիր գործիչներին՝ նշեց, թեև հարգանքով է վերաբերվում ՀՅԴ-ին, սակայն հենց նրանք են մսխել Դաշնակցության վարկանիշը, ոչ թե իրենք:
«Ի՞նչ եք արել վերջին 30 տարում Դաշնակցության վարկանիշի հետ, ո՞նց էր ստացվում, որ Դաշնակցությունը 90-ականներից գնալով մսխեց իր ունեցածը: Վերաիմաստավորեք, քննարկեք մարտի 1-ից հետո Դաշնակցության պահվածքը, բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը»,- հորդորեց Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Դանիելյանը իշխող խմբակցությանը մեղադրում էր ԱԺ ամբիոնից ադրբեջանա-թուրքական թեզերը հնչեցնելու համար: 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին