Բուլղարիան հրաժարվել է Ռուսաստանին իրավական օգնություն ցույց տալ Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի հետ կապված, պատճառաբանելով, որ դա «կարող է վնասել Բուլղարիայի ինքնիշխանությանը»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«2022 թվականի մարտին Բուլղարիայի արդարադատության և ներքին գործերի խորհրդի նիստում արտահայտել էին հետևյալ ընդհանուր կարծիքը, ըստ որի՝ «Ռուսաստանի գործողությունները միջազգային իրավունքի և միջազգային պայմանագրերի այնպիսի լուրջ խախտումներ են, ինչն էլ արդարացնում է շատ պետությունների ընտրությունը՝ չքննարկել քրեաիրավական հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Բելառուսի հարցումները՝ վերապահելով դրանք լուծելու իրենց իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում», — ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ասել էր, որ Քննչական կոմիտեն պարզել է 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա կատարված ահաբեկչության բոլոր հանգամանքները։ Քրեական գործի նախաքննությունը ավարտական փուլում է, մեղադրյալներն ու նրանց պաշտպանները ծանոթանում են նյութերին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթեցվել, ինչի հետևանքով մոտակայքում գտնվող բեռնատար գնացքի բաքերը բռնկվել էին։ Չորս մարդ զոհվել էր, փլուզվել էր կամրջի՝ թերակղզի տանող ավտոմոբիլային ճանապարհի երկու հատված։
Բուլղարիան հրաժարվել է օգնել Ռուսաստանին՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ
