Պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ դեսպանորդ Դևիդ Օ’Սալիվանը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի ընդունումը հունիսի կեսերին:
«Ես միանգամայն վստահ եմ, որ այն կհամաձայնեցվի հունիսին: Հուսով եմ՝ հունիսի կեսերին» – ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ նոր փաթեթի շրջանակում քննարկվում են ինչպես էներգետիկ, այնպես էլ ծովի հետ կապված սահմանափակումները, մասնավորապես՝ ստվերային նավատորմի խնդիրը: Օ’Սալիվանը հիշեցրել է, որ որոշումների ընդունման համար կպահանջի միաձայն հավանություն:
Դեսպանորդը հավելել է, որ Եվրամիության երկրները մտադիր են պայքարել նաև արևմտյան արտադրության միկրոէլեկտրոնիկայի ապօրինի առևտրի դեմ, որն, ըստ Օ’Սալիվանի, Ռուսաստանն օգտագործում է իր հրթիռներում: