Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը շուրջ 50 ԱԹՍ են արձակել Կրասնոդարի երկրամասի, Ազովի ծովի, Կուրսկի և Բելգորոդի մարզերի ուղղությամբ։ Բելգորոդի իշխանության տվյալով՝ մարզի մեկ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ:

Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեին, կան տուժածներ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Կուրսկի ուղղությամբ մարտերը ևս շարունակվում են: Ռուսական կողմը հայտնում է ուկրաինական առաջխաղացումը կասեցնելու մասին: Կիևից էլ տեղեկացնում են, որ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է մասամբ վերականգնել այն դիրքերը, որոնք ավելի վաղ զբաղեցրել էին Ռուսաստանի զինված ուժերը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Լուգանսկի Ռովենկի քաղաքի նավթի պահեստին հասցված հարվածը։ «Այս բազայում պահվում էին նավթ և նավթամթերք, որոնք մատակարարվում էին ռուսական բանակի կարիքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։