Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Էստոնիայի նորանշանակ դեսպան Մարջ Մարդիսալու-Կահարի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Նույն տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանի նախագահը շնորհավորել է Էստոնիայի դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ և արդյունավետ ու սերտ համագործակցության ցանկություն հայտնել։
«Կողմերը վերանայել են Վրաստանի և Էստոնիայի միջև առկա գործընկերությունը։ Քննարկվել է նաև Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց ազդեցությանը Վրաստանի անվտանգության և բարգավաճման վրա։ Դեսպանը հայտնել է Էստոնիայի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասված է տեղեկատվության մեջ։