Headlines

Պանաման դուրս կգա ջրանցքի հարցով Չինաստանի հետ համատեղ նախագծից

Պանաման դուրս կգա ջրանցքի հարցով Չինաստանի հետ համատեղ նախագծից


Պանաման դուրս կգա Չինաստանի ներկայիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը ներառում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո:

Պանամայի նախագահը հավելել է, որ իր կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ  ճանապարհ» նախաձեռնության մասին 2017 թվականի փոխըմբռնման հուշագիրը, և կուսումնասիրեն նախագիծը նախատեսված ժամկետից շուտ ավարտելու հնարավորությունը:

Խոսե Ռաուլ Մուլինոյի խոսքով՝ Ռուբիոն «Պանամայի ջրանցքն ԱՄՆ-ի կառավարմանը վերադարձնելու կամ «ուժ կիրառելու» մասին իրական սպառնալիք չի հայտնել, սակայն տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում համարում է պայմանագրի խախտում, որով Վաշինգտոնը ջրանցքի վերահսկողությունը փոխանցել է Պանամային: «Պեկինի ազդեցությունը նավագնացության կարևոր ուղու վրա առաջին հերթին խախտում է Միացյալ Նահանգների կառուցած ջրանցքի «մշտական չեզոքության» վերաբերյալ պարտավորությունները՝ Վաշինգտոնի և Պանամայի միջև կնքված պայմանագրերով, ուստի դրա օգտագործման փոփոխությունները պետք է տեղի ունենան «անհապաղ», պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը:

Մուլինոն Վաշինգտոնի հետ երկխոսությունը դրական է անվանել։ «Կասկած չկա, որ ջրանցքը գտնվում է Պանամայի վերահսկողության տակ, և այդ կարգավիճակը կմնա անփոփոխ»,- պարզաբանել է Պանամայի նախագահը։ Երկու երկրները պայմանավորվել են ստեղծել երկկողմ տեխնիկական խումբ՝ նավահանգիստներում իրավիճակն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար։