Եմենի հութիները Ռաս Իսա նավահանգստի ռմբակոծությանը պատասխանել են հրթիռային հարձակումներով

Եմենի հութիները Ռաս Իսա նավահանգստի ռմբակոծությանը պատասխանել են հրթիռային հարձակումներով


Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են ամերիկյան Harry Truman և Carl Vinson ավիակիրների, ինչպես նաև դրանց ուղեկցող ռազմանավերի վրա։ Այդ մասին հայտարարել է ապստամբների ձևավորած զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, տեղեկացնում է ТАСС-ը։

Նա նաև ասել է, որ «ամերիկյան ռազմական ուժերի կուտակումը և Եմենի դեմ շարունակվող ագրեսիան միայն նոր հարձակումների կհանգեցնեն»։ «Նոր ժամանած ավիակիրը չի կարողանա հասնել նրան, ինչը չհաջողվեց նախորդ հինգին»,- հավելել է հութիների ներկայացուցիչը։

Յահյա Սարիան հայտնել է նաև, որ հութիները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի մոտակայքում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտի վրա։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր Եմենից արձակված հրթիռը որսալու մասին: Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի տարբեր շրջաններում, ներառյալ՝ Թել Ավիվը: Հարձակման հետևանքների մասին չի հաղորդվել:

Հութիներն այդ հարձակումներով պատասխանել են ԱՄՆ-ի կողմից Եմենի արևմուտքում գտնվող Ռաս Իսա նավթային նավահանգստի ռմբակոծությանը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ։