Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է Մակրոնին

Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է Մակրոնին


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում։ Նեթանյահուի գրասենյակը պնդել է, որ Ֆրանսիայի առաջնորդը դրանով վերարտադրում է արմատական ​​պաղեստինյան շարժման ձևակերպումները և զրպարտում հրեական պետությունը։

Նախօրեին Մակրոնը, ելույթ ունենալով TF1 հեռուստաալիքի եթերում, «խայտառակություն» է անվանել Գազայի նկատմամբ Իսրայելի և անձամբ Նեթանյահուի գործողությունները՝ ուշադրություն հրավիրելով անկլավի բնակիչների ջրի, դեղորայքի ու բժշկական օգնության հասանելիության բացակայության վրա: Ֆրանսիայի ղեկավարը կոչ է արել վերականգնել հումանիտար օգնության հասանելիությունը Գազայի բնակչության համար, ապառազմականացնել ՀԱՄԱՍ-ը, ազատ արձակել պատանդներին և սկսել պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման գործընթացը՝ ստեղծելով երկու՝  փոխադարձաբար միմյանց ճանաչող պետություն:

Իսրայելի վարչապետի գրասենյակից այդ կոչին պատասխանել են. «Վարչապետ Նեթանյահուն վճռականորեն է տրամադրված հասնել Իսրայելի պատերազմի բոլոր նպատակներին՝ ազատել մեր բոլոր պատանդներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ու վարչական ներուժը և ապահովել, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»: