ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի համաձայնեցման գործընթացը: Այդ մասին ասվում է ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստի օրակարգում:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է սև ցուցակում ներառել ռուսական նավթ տեղափոխող 60 ֆիզիկական անձի ու կազմակերպություն, ինչպես նաև 150 լցանավ, որոնք անտեսում են գնային բարձր նիշեր սահմանելու Արևմուտքի փորձերը: Եվրահանձնաժողովը ձգտում է հասնել այդ փաթեթի հաստատմանը մայիսի 20-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
Եվրահանձնաժողովը քննարկում է նաև «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը, եթե Ռուսաստանը չհամաձայնի Ուկրաինայի հետ հրադադարին։ Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։
Նա չի մանրամասնել, թե ինչ պատժամիջոցներ կարող են ներառվել պայթեցված «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ։ «Իհարկե, խողովակաշարն այժմ չի աշխատում, բայց երբեք չես կարող նախապես իմանալ, թե հետո ինչ կլինի։ Գաղափարն այն է, որ բացառվի դրա վերականգնման մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունը»,- ասել է Պինյոն։