Եվրոպական հանձնաժողովը սկսում է քննարկել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցները, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Կքննարկվի Բալթիկ ծովի հատակով անցնող խողովակաշարերի արգելման հնարավորությունը։ Այսպիսով, ինչպես նշում է գործակալությունը, ԵՄ-ն մոտենում է Ռուսաստանը և Գերմանիան կապող «Հյուսիսային հոսք 2»-ը նոր պատժամիջոցների փաթեթում ներառելու որոշմանը։
Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ «Հյուսիսային հոսք 2» կոնսորցիումի դեմ ԵՄ պատժամիջոցներ սահմանելու գաղափարը նպատակ ունի կանխել ցանկացած ներդրում այդ նախագծում։
Financial Times-ը (FT), հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ակտիվորեն աջակցում է Ռուսաստանն ու Գերմանիան կապող «Հյուսիսային հոսքի» գազատարների հանդեպ ԵՄ-ի նախատեսած արգելքին:
Մարտին FT-ն հայտնել էր, որ կրեմլամերձ ռուս և ամերիկացի գործարարները փորձում են վերագործարկել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» մասնավոր գազատարները, ինչն էլ դրդել է Մերցին դա կանխելու հարցը քննարկել Բեռլինի և Բրյուսելի պաշտոնյաների հետ: