Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Եվրամիության կողմից Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումից հետո, պնդել է որ հետագայում ևս պետք է կրճատել դեպի Ռուսաստան դրամական հոսքերը: «Մենք պետք է է՛լ ավելի կրճատենք դրամական հոսքերը, որոնք դեռևս զգալի են և հոսում են Ռուսաստանի գանձարան՝ այդպիսով նպաստելով պատերազմի ֆինանսավորմանը»,- չորեքշաբթի՝ մայիսի 21-ին, Deutschlandfunk ռադիոկայանի եթերում ասել է սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ խոսքը, մասնավորապես, Ռուսաստանին նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտներից զրկելու մասին է։
Պիստորիուսը նշել է, որ տպավորված չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցից։ Նախարարի խոսքով՝ Թրամփը գերագնահատել է իր ազդեցությունը Պուտինի վրա։
Սպիտակ տան և Կրեմլի ղեկավարների զրույցը մեկնաբանելով՝ նա հավելել է. «Իրականում ոչինչ տեղի չի ունենում: Խաղաղություն չկա: Պուտինը ժամանակ է ձգում»: