Իրանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցել են. Արաղչի

Իրանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցել են. Արաղչի


Իրանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները միջուկային հարցի շուրջ բանակցությունների չորրորդ փուլից հետո մերձեցել են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
 
«Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցել են բանակցությունների այս փուլում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
 
Արաղչին հայտնել է, որ կողմերը մանրամասն բանակցություններ են վարել, մասնավորապես՝ քննարկել են այն հարցերը, որոնց վերաբերյալ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն։
 
Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Թեհրանին և Վաշինգտոնին հաջողվել է մեծ ըմբռնման հասնել միմյանց դիրքորոշումների վերաբերյալ։
 
«Կարելի է ասել, որ բանակցություններում առաջընթաց է դիտվում»,- հավելել է նա։
 
Հիշեցնենք՝ կիրակի օրը տեղի է ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների չորրորդ փուլը։
 
Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում, համապատասխանաբար՝ ապրիլի 12-ին և 26-ին, իսկ երկրորդը՝ Հռոմում՝ ապրիլի 19-ին։