Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու ուղիղ բանակցություններին

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու ուղիղ բանակցություններին


Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին: Ռուսական պատվիրակությունը ներկայացնում է Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը նաև 2022 թվականի ստամբուլյան բանակցություններում: Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և ոլորտային փորձագետներ: Բանակցություններին ընդառաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ռուսական պատվիրակության անդամներին:
 
Ակնկալվում է, որ ուկրաինական կողմը ներկայացնելու են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան և արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, որը Թուրքիայում արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
 
Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկնել է Թուրքիա, սակայն նա հանդիպելու է միայն Ռեջեփ Էրդողանի հետ: Նա ավելի վաղ հայտնել էր, որ բացի Վլադիմիր Պուտինից ռուսական պատվիրակության այլ ներկայացուցիչների հետ հանդիպել չի պատրաստվում: Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել էր, որ կմասնակցի բանակցություններին, միայն եթե Ռուսաստանի նախագահը որոշի մեկնել Ստամբուլ: