Սաուդյան Արաբիան հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը և նշել, որ Էր Ռիադն աջակցում է այդ բանակցություններին։
ԱՄՆ-ն և Իրանը Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ են անցկացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման հարցով: Հանդիպումներին իրանական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:
Սաուդյան Արաբիան ձգտում է իրականացնել սեփական միջուկային ծրագիրը՝ տնտեսության դիվերսիֆիկացման ու նավթի արտահանումից կախվածությունը նվազեցնելու շրջանակում: Ընդ որում, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը բազմիցս հայտարարել է, որ Թագավորությունն էլ պետք է միջուկային զենք ստանա, եթե Իրանին հաջողվի դա ստեղծել: