ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը: Թրամփի խոսքով՝ Թեհրանը գրեթե համաձայնել է առաջարկվող պայմաններին։
«Մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ՝ հանուն երկարաժամկետ խաղաղության: Ես ցանկանում եմ, որ նրանք հաջողության հասնեն և հիանալի երկիր դառնան»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է վերացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարելի է կիրառել միջուկային զենք արտադրելու նպատակով:
Նրա խոսքով՝ Իրանը կարող է համաձայնել հարստացնել ուրանը ցածր մակարդակով՝ եթե Միացյալ Նահանգները անմիջապես չեղարկի բոլոր պատժամիջոցները։ Շամխանին նշել է, որ իրանական կողմի պայմանները բավարարելու դեպքում Թեհրանը պատրաստ է արագ համաձայնագիր ստորագրել։ Պաշտոնյան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ նա խոսում է խաղաղության մասին, բայց իրականում միայն փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա։ Շամխանին շեշտել է՝ եթե Վաշինգտոնն ազատվի Նեթանյահուի ազդեցությունից, ապա Թեհրանի հետ համաձայնությունն իրական կլինի։