Վիեննայի հայկական դեսպանատանը կազմակերպվեց հայերեն և գերմաներեն թարգմանած ավստրիացի հայտնի գրող Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» գրքի շնորհանդեսը

Վիեննայի հայկական դեսպանատանը կազմակերպվեց հայերեն և գերմաներեն թարգմանած ավստրիացի հայտնի գրող Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» գրքի շնորհանդեսը
Հայ մեծանուն պոետ, ազգային-հասարակական գործիչ, թարգմանիչ Վահան Տերյանի ծննդյան 140 ամյակի միջոցառումների շրջանակներում երկու լեզվով (հայերեն ու գերմաներեն) մեկ գրքով հրատարակել ենք ավստրիացի հայտնի գրող Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» վիպակը,որը թարգմանել է Վահան Տերյանը:
Մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հայկական դեսպանատանը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց վերոնշյալ գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը: Ելույթներ ունեցան «Ջավախք» հբհկ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, գրքի խմբագիր, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը և Վիեննայի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Անդրեասը: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Էդուարդ Ֆրանգուլյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր տեր Պողոսը, միաբանության անդամ տեր Նարեկը, գրող, հայագետ Հերբերտ Մաուրերը, տեղի հայ համայնքի շատ ներկայացուցիչներ:
Տերյանական գեղեցիկ արտասանություններով հանդես եկան «Ջավախք» հբհկ մշակութային ծրագրերի պատասխանատու Նարինե Սիրականյանը և կազմակերպության նախագահի օգնական, ծրագրերի համակարգող Մարինե Այվազյանը: Տերյանական սրտառուչ երգեր կատարեց սիրված երգիչ Մասիս Հունանյանը:
 Ներկաները դրվատանքի խոսքեր հնչեցրեցին  աշխատանքային թիմի հասցեին՝ իրենց բնութագրմամբ հոգիները մի բուռ տերյանական ջերմությամբ լցնելու համար:
Վերջում բոլոր ներկաներին նվիրեցին գրքի օրինակները, իսկ դեսպանության կողմից տրվեց հյուրասիրություն: