Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից աջակցվող Megobari Act օրինագիծը, որը, ի թիվս այլ բաների, ենթադրում է պատժամիջոցներ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդների նկատմամբ։
«2025 թվականի մայիսի 5-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց այսպես կոչված Megobari Act-ը, որն իր էությամբ ծայրահեղ թշնամական գործողություն է Վրաստանի, վրաց ժողովրդի և նրա ընտրած կառավարության, այդ թվում՝ վրացական խորհրդարանի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները կարծում են, որ ամերիկյան օրենքը հիմնված է Վրաստանի իշխանությունների դեմ ուղղված երեք կեղծ մեղադրանքի վրա՝ Վրաստանը զգալի հետընթաց է ապրում ժողովրդավարության հարցում, եվրատլանտյան ինտեգրացիան արգելափակվում է, Թբիլիսին կապեր է հաստատում Մոսկվայի, Պեկինի և այլ «ավտորիտար ռեժիմների» հետ։
Վրացի պատգամավորները վստահեցրել են, որ «Վրացական երազանքի» իշխանության գալուց ի վեր երկիրը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ճանապարհին, մասնավորապես՝ «Վրաստանում անցկացվում են արդար և ազնիվ ընտրություններ»։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, նրանք նշել են. «2008 թվականի պատերազմից հետո Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, իսկ 2012 թվականից ոչ մի վրացի քաղաքական գործիչ չի այցելել Մոսկվա։ Վրաստանի հարևանները Մոսկվայի հետ ավելի սերտ կապեր ունեն, քան Թբիլիսին»։
Վրացի պատգամավորները հայտարարել են, թե իրենց համար անհասկանալի է նաև ԱՄՆ-ի դժգոհությունը վրաց-չինական հարաբերությունների հարցում, այն դեպքում, երբ Վրաստանի ու Չինաստանի միջև քաղաքական հարաբերությունները նույն մակարդակի վրա են, ինչ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մայիսի 5-ին ընդունել է Վրաստանի մասին օրենք, որը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։ Հաստատումից հետո փաստաթուղթը ստորագրելու է ԱՄՆ նախագահը: Օրինագիծը նախաձեռնողներից մեկը հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն է, որն ակտիվ աջակցում է վրացական ընդդիմությանը։ Գործողության անվանումը ծագում է վրացերեն «մեգոբարի»՝ «ընկեր» բառից։