Ախալցխայի Մունիցիպալիտետի Վալե քաղաքում Ստալինի փողոցի վրա բացվում է «Կոնստրուկտոր» շինարարական քոլեջը, որտեղ այս փուլում հնարավոր կլինի անվճար սովորել էլեկտրատեխնիկայի մեկամյա ծրագիր,- քոլեջի ներկայացուցիչները այսօր այս մասին տեղեկատվական հանդիպում են անցկացրել Ախալցխայում և Վալեում։
«Կոնստրուկտոր»-ի տեղական ղեկավար Թամար Կելապտրիշվիլիի խոսքով՝ քոլեջը կբացվի նոյեմբերից, և առաջին տարում հասանելի կլինի միայն մեկ ծրագիր՝ էլեկտրատեխնիկա։
Ծրագրին կարող է գրանցվել ընդհանուր առմամբ 20 մարդ։
Ըստ Կելապտրիշվիլիի՝ քոլեջում կարող են ընդունվել և սովորել ինչպես 10-րդ դասարանի շրջանավարտները, այնպես էլ կրթության ավելի բարձր մակարդակ ունեցողները՝ հարցազրույցի հիման վրա, առանց տարիքային սահմանափակման և ուսուցումը կլինի անվճար։
Մասնագիտական ուսումնարանի ղեկավարը նշում է, որ նախատեսվում է նաև հանրակացարան, որը կտեղավորի մինչև 60 մարդ։
