ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատվիրակության հետ միասին Թբիլիսիի Արդարադատության տանը ծանոթացավ պետական ծառայությունների մատուցման վրացական մոդելին։
ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներին Արդարադատության տանը հյուրընկալեցին արդարադատության փոխնախարար Լանա Մորգոշիան և Արդարադատության տան նախագահ Վախթանգ Ժվանիան։ Հյուրերին ներկայացվեց Արդարադատության տան հայեցակարգը և տեղեկատվություն Արդարադատության տան կողմից ամեն օր մատուցվող մոտ 500 ծառայությունների մասին։
Պատվիրակության անդամները ծանոթացան նաև Պետական ծառայությունների զարգացման գործակալության, Հանրային գրանցամատյանի ազգային գործակալության, Հանցագործությունների կանխարգելման, ազատազրկման հետ չկապված պատիժների և պրոբացիայի ազգային գործակալության և Վրաստանի օրենսդրական լրաբերի գործունեությանը և ընթացիկ բարեփոխումներին։
ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ, գտնվում է Թբիլիսիում վրաց-հայաստանյան 6-րդ իրավական ֆորումի շրջանակներում։
