Ախալցխա քաղաքում ստեղծվել են մասնագիտացված բասկետբոլի «Ախալցիխե» թիմ և մանկական բասկետբոլի ակադեմիա։ Տեղեկատվությունը հրապարակել է Ախալցխայի քաղաքապետարանը։
Միջոցառման ժամանակ քաղաքապետարանի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին խոսել է բասկետբոլի թիմ և մանկական բասկետբոլի ակադեմիա ստեղծելու նպատակների մասին և ներկայացրել «Ախալցիխե» թիմի բասկետբոլիստներին։
«Այսօր մեր քաղաքում, մեր քաղաքապետարանում սկսվում է պատմության նոր էջ։ Շատ վաղեմի երազանք իրականացավ, և Ախալցխան ունի պրոֆեսիոնալ բասկետբոլի թիմ՝ «Ախալցիխե», և այսօրվանից մենք նաև բացում ենք մանկական բասկետբոլի ակադեմիա։ Վստահ եմ, որ պրոֆեսիոնալ մարզիկները կմեծանան մեր քաղաքում և հաջողությամբ կմրցեն ամբողջ աշխարհում», — ասաց Վարլամ Ծիկլաուրին։
Ստորագրվեց հուշագիր, որի նպատակն է Ախալցխայի մունիցիպալիտետում բասկետբոլի համակարգված զարգացումը, երեխաների և դեռահասների շրջանում սպորտային գործունեության խթանումը և նոր սերնդի ներգրավվածության աճը այս մարզաձևում։
Նորաստեղծ թիմին և մանկական բասկետբոլի ակադեմիային հաջողություններ մաղթեցին Վրաստանի խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլին, սպորտի փոխնախարար Լևան Մգալոբլիշվիլին, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլին, Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Վիկտոր Սանիկիձեն և «Սուպեր լիգայի» ղեկավար Կոբա Կոբիաշվիլին։
Բասկետբոլի թիմին և մանկական ակադեմիային օրհնություն և հաջողություններ մաղթեց Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ արքեպիսկոպոս Թեոդորը։
Շնորհանդեսին ներկա էին քաղաքային համայնքի, շրջանային վարչակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, հարևան մունիցիպալիտետների, սպորտային և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Ախալցիխե» մասնագիտացված բասկետբոլի թիմը կմրցի ա- լիգայում։ Այն Ախալցխայի մունիցիպալիտետի անունից կմասնակցի տարբեր առաջնությունների, իսկ մարզի բոլոր վեց մունիցիպալիտետներից բասկետբոլով հետաքրքրվող դեռահասները կկարողանան սովորել Մանկական բասկետբոլի ակադեմիայում։
Բասկետբոլի ակադեմիան կսկսի դիմորդներ ընդունել հունվարից, և ուսուցումը կլինի անվճար։
