Դեկտեմբերի 18-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ մեր կազմակերպության աջակցությամբ հրատարակված միանգամից երեք գրքերի շնորհանդեսը:
Նախ ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ջավախք» հբհկ-ի համատեղ աջակցությամբ կյանքի կոչված «Տոներն Ախալցխայում» էլեկտրոնային գիրքը: Բացման խոսքով հանդես եկավ «Ջավախք» հբհկ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ծրագրի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Նարինե Սիրականյանին, ծրագրի համակարգող , «Ջավախք» հբհկ նախագահի օգնական Մարինե Այվազյանին և ծրագրի հրաշալի կամավորներ «Ախալցխա նեթ» կայքի խմբագիր Էդուարդ Այվազյանին, Լուիզա Մոսոյանին, Նազելի Սիրականյանին, Տիրուհի Թորոսյանին, Համբարձում Սահարյանին, Սերգեյ Նահապետյանին, Մարինե Անտանոսյանին, Ասյա Բադիշյանին, Վլադիմիր Նազարեթյանին, Հովհաննես Ստեփանյանին, Օֆելյա Պանգրատյանին, Մարինե Սաղաթելյանին, Անի Մարգարյանին և այն ընկերներին, ովքեր ֆինանսապես աջակցում են «Ջավախք» հբհկ-ի ծրագրերի իրականացմանը: Ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը սահիկաշարով ներկայացրեց «Տոներն Ախալցխայում» էլեկտրոնային գիրքը:
Ելույթներով հանդես եկան «Հայկական հանրագիտարանի» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը և ազգագրագետ Լուիզա Մոսոյանը: Ապա Շիրակ Թորոսյանը շնորհակալագրեր հանձնեց բոլոր կամավորներին:
«Տոներն Ախալցխայում» էլեկտրոնային գիրքը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝
Ներկայացված հաջորդ գիրքը անվանի ջավախքցի մտավորական Գևորգ (Ժորա) Սնխչյանի հիշատակին նվիրված վիրահայոց գրողների «Վերնատուն» տարեգիրքն էր: Ելույթներով հանդես եկան Շիրակ Թորոսյանը, Հովհաննես Այվազյանը, Թբիլիսիի վրացահայ գրողների «Վերնատուն» գրական միության ներկայացուցիչ Ռոզա Զոհրաբյանը և Ժորա Սնխչյանի դուստրը՝ Արաքսյա Սնխչյանը: Բանախոսները դրվատանքի խոսքեր հնչեցրին գրող, պետական, հասարակական գործիչ, «Վերնատան» հիմնադիր-նախագահ Ժորա Սնխչյանի գործունեության մասին:
Վերջում ներկայացվեց Վահան Տերյանի թարգմանությամբ ավստրիացի գրող Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» երկլեզու (հայերեն և գերմաներեն) վիպակը, որի շնորհանդեսները մեր կողմից այս տարի արդեն կազմակերպվել են Վիեննայում և Բեռլինում: Ելույթներ ունեցան Շիրակ Թորոսյանը և վերոնշյալ գրքերի խմբագիր, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը: Գիրքը խմբագրել, հայերեն և գերմաներեն տեքստերը համադրել է թարգմանչուհի Ռուզաննա Յորդանյանը:
Միջոցառմանը ներկա էին ծագումով Ջավախքից մշակույթի, կրթության, բիզնեսի, զինվորական, իրավական և այլ ոլորտների բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Գեղամ Նազարյանը:
Մատուցված հյուրասիրության մտերմիկ միջավայրում միջոցառման մասնակիցները ջերմ շփումներ ունեցան:
Հ. գ. Ընդհանուր առմամբ այս տարի «Ջավախք» հբհկ-ի աջակցությամբ հրատարակվել է 6 անուն գիրք:

