Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարան և հանդիպել համալսարանի ներկայացուցիչների հետ և նրանց ծանոթացրել բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների հիմնական ուղղություններին։
Նախարարի խոսքով՝ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում բարձրագույն կրթության զարգացման, երիտասարդների մասնագիտական առաջխաղացման և բազմազգ հասարակության ամրապնդման գործում։
Գիվի Միքանաձեն հանդիպման մասնակիցների հետ քննարկել է կրթական ծրագրերի մշակման, կրթության որակի բարելավման, կրթական ծրագրերում ուսանողների ընդունելության քվոտաների բաշխման, ուսանողների շարժունակության և այլ հարցեր։
Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ռեժիմով, և մասնակիցները տեղեկատվություն են ստացել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են Կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեն, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլին, տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։
