Ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ. ՌԴ ԱԳՆ

Ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ. ՌԴ ԱԳՆ


Մոսկվան ուշադրությամբ հետևում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Կիևի ու Քիշնևի հայտարարություններին: Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ գործընթացներին։ Երկու երկրներն էլ Ասոցացման համաձայնագրեր ունեն ԵՄ-ի հետ, մասնակցում են Արևելյան գործընկերությանը, Վրաստանի հետ միասին միավորվել են եվրաինտեգրման այսպես կոչված ասոցացված եռյակի մեջ»,- նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ 2013-2014 թթ. Մայդանի իրադարձությունների խթան հանդիսացավ հենց Եվրամիության հետ Ուկրաինայի համաձայնագիրը, որի ստորագրումն այն ժամանակ կառավարությունը հետաձգեց, որպեսզի հստակեցնի Ռուսաստանի և ԱՊՀ-ի մյուս երկրների հետ առևտրատնտեսական կապերի հնարավոր հետևանքները:

«Այդ իրադարձություններն իրենց հերթին հանգեցրեցին հակասահմանադրական պետական հեղաշրջման, Դոնբասում քաղաքացիական պատերազմի և այն իրավիճակին, որը մենք ունենք այսօր»,- հավելել է Պոլիշչուկը:

Նա հայտնել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ, իսկ ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը պարբերաբար փոփոխություն է կրում:

«Մենք սկզբունքորեն պատրաստ ենք ուկրաինական ճգնաժամի հիմքում ընկած խնդիրների և Ուկրաինայում իրադրության կարգավորման ուղիների շուրջ ցանկացած շփումների։ Սակայն նման շփումները պետք է լինեն լավ նախապատրաստված և բովանդակալից, այլ ոչ թե իրականացվեն ուշադրությունը շեղելու համար»,- նշել է պաշտոնյան։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններում Թուրքիայի՝ միջնորդի կարգավիճակ ստանալու փորձերին՝ Պոլիշչուկը տեղեկացրել է, որ մարտի վերջին Անկարայից ազդակներ էին ստացվում նոր հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին, սակայն գործնական զարգացում դրանք չեն ունեցել: