Թուրքիան, խախտելով Իրաքի տարածքային ամբողջականությունը, իր գործողություններն անվանելով «հակաահաբեկչական», ներխուժել է երկրի հյուսիսային հատված՝ Քրդստանի տարածք: Ռազմական օպերացիան, ինչպես ալիևյան լրատվամիջոցում իրեն քաղաքագետ-լրագրող համարող Ռուսլան Բեշիրլին է ձևակերպում, ուղղված է ոչ թե քրդերի, այլ «Քրդական բանվորական կուսակցության» դեմ: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանի խոսքով` Իրաքի հյուսիսում Թուրքիան առաջին անգամ չէ, որ նման գործողություններ է իրականացնում:
Անահիտ Վեզիրյան (թուրքագետ) — Զուգահեռաբար, լինելով սովորական, անսովոր է նաև ժամանակի ընտրության իմաստով, քանի որ համընկնում է համաշխարհային այս խառը ժամանակաշրջանի հետ, ինչը Թուրքիային ավելի է հնարավորություն տալիս առանց հավելյալ գլխացավանքների իրականացնել այս գործողությունը:
Թուրքական ռազմական գործողողություններն ընդգրկում են Իրաքի երեք շրջան՝ Մետինա, Զապ և Ավաշին-Բասյան: Դրանք իրականացվում են ավիացիայի ակտիվ աջակցությամբ: Անկարան թեպետ հայտարարում է, որ քայլեր են ձեռնարկվում Իրաքում խաղաղ բնակչությանը, ինչպես նաև կրոնական ու մշակութային վայրերը չվնասնելու համար, բայց, ըստ էության, նա չի հարգում իր հարևան երկրին, ինչպես Սիրիայի դեպքում էր, ասում է Վեզիրյանը:
Անահիտ Վեզիրյան — Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան մեկ այլ երկրի սահմաններում գործողություն է կատարում` առանց տվյալ երկրի հետ որևէ բան համաձայնեցնելու: Սա նշանակում է տարածքային ամբողջականության խախտում:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը թուրքական գործողություններում նաև քողարկված ենթատեքստ է տեսնում: Նրա խոսքով` իրաքյան Քրդստանը տիրապետում է նավթի հսկայական պաշարների. աշխարհում 12-րդն է.
Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) — Նպատակ ունի նաև հսկողության տակ վերցնել այն տարածքները, որոնցով հյուսիսային Քրդստանի էներգակիրները Թուրքիայի տարածքի վրայով պետք է տեղափոխվեն Եվրոպա:
Թուրքական ագրեսիան, ինչպես միշտ, ողջունում են Ադրբեջանում, նույնիսկ պատրաստ են անհրաժեշտության դեպքում հետևել Թուրքիայի օրինակին: Ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանի պետական հեռուստատեսության խմբագիր Ալիբեյլի Ազիզը գրել է, որ Թուրքիայի այս գործողություններն Ադրբեջանի համար նախադեպ են ստեղծում և, հավանաբար, իրենք կկարողանան այդ փորձը կիրառել հենց Հայաստանի ներսում: Ալիևյան լրատվամիջոցները հայտարարում են, թե պետք է Արցախից սկսել ու իբրև թե տարբերություն չկա Հյուսիսային Իրաքի ահաբեկիչների և իրենց ձևակերպմամբ՝ Ղարաբաղի անօրինական զինված խմբավորումների միջև, մինչդեռ Սաֆրաստյանը պնդում է՝ սա Արցախը թուլացնելու ադրբեջանական հերթական սադրիչ քայլն է:
Թուրքագետի պնդմամբ՝ պետք է օգտագործել նաև արցախա-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների ներկայությունը, որպեսզի նրանց հետ գործակցելով կարողանանք զերծ մնալ նմանօրինակ սադրանքներից:
Հեղինակ` Էդուարդ Հովհաննիսյան