Սամեբայի դպրոցում դեղեցին օձերին

Սամեբայի դպրոցում դեղեցին օձերին

Ապրլի 28-ին Nor ռադիոկայանը հայտնել էր, որ Սամեբա գյուղի դպրոցը օձերի պատճառով անցել է հեռավար ուսուցման։ Տվյալ նյութը լայն տարածում ստացավ և  քննարկման առիթ դարձավ հանրության շրջանում։ Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնից NOR ռադիոկայանին ասել էին, որ չգիտեն թե ինչու է դպրոցը անցել ինքնավար ուսուցման։ Իսկ Սամեբայի դպրոցի տնօրենը չէր ցանկացել մեկնաբանել իրավիճակը։ NOR ռադիոկայանը ստիպված եղավ դիմել այլ քայլի, գրելով պաշտոնական նամակ Վրաստանի Կրթության և գիտության նախարարություն։

Այսօր՝ ապրիլի 30-ին, Վրաստանի ,,Սանիտար,, ախտահանիչ կազմակերպությունը այցելել էր Սամեբայի դպրոց՝ Օձերին դեղելու համար։ Կազմակերպության ղեկավար Գեորգի Բիբինաշվիլին  հարցազրույցի ընթացքում ասաց.
«Պետք է տեսնենք թե քանի տեսակի օձ կա դպրոցում ու ինչքանով են նրանք վտանգավոր։ Քանի որ ավելի վաղ օգտագործած դեղորայքը օգուտ չի տվել, այս անգամ մի քանի դեղեր ենք իրար խառնել, որ ավելի էֆեկտիվ լինի, և երկար ժամանակ չհայտնվեն օձերը։ Ու քանի որ  այս դեղերը քիմիական բաղադրություն ունեն դպրոցի ներսում ավելի թույլ դոզա ենք օգտագործել, որ մարդկանց չվնասի, իսկ շենքից դուրս ավելի ուժեղ դոզայով դեղորայք կօգտագործենք։ Դպրոցը մի քանի օր չպետք է գործի, մինչև օձերը հեռանան, հետո սովորականի նման կարող են հաճախել դասերի։ Եթե դեպքերը կրկնվեցին, պետք է մեզ տեղյակ պահեն ու մենք երկու ժամվա ընթացքում այստեղ կլինենք»։
Իսկ թե օձերի հայտնվելու պատճառը որն է մասնագետը պատասխանեց.
«Դպրոցը լճին շատ մոտ է, բացի այդ դպրոցին մոտիկ հին շենքերի մնացորդներ կան, որտեղ որ օձերը բազմանում են։ Շատ հնարավոր է, որ դպրոցի շենքի տակն էլ կան օձեր։ Մենք բոլոր սենյակները դեղել ենք, նույնիսկ ամենաչնչին ճեղքերը։ Մեր խորհուրդը այն է, որ պետք է դպրոցի հին մասերին ուշադրություն դարձնել։ Մեզնից կախված ամեն ինչ մենք անում ենք։ Եթե մեր դեղած տարածքների վրա ջուր չընկնի, այսինքն ջուրը չսրբի այն, ապա օձերը երկար ժամանակ չեն հայտնվի»։

Սամեբայի դպրոցի տնօրեն Մզեքալա Մինաձեն էլ իր հերթին ասում է, որ օձերը ամենուր են, թե դասարաններում, թե դպրոցի շուրջը, և գնալով ամեն տարի շատանում են։
«Ես 2005 թվականից այստեղ եմ աշխատում ու կարծես թե ամեն տարի շատանում են։ Միշտ դեղել ենք, բայց օգուտ չէր տալիս։ Այդ պատճառով որոշեցինք գտնել այնպիսի կազմակերպություն որը  ավելի օգուտ կտար։ Ու գտանք այդպիսի ընկերություն, որը որ այսօր եկավ ու սկսեց օձերի վերացման ուղղությամբ աշխատանքներ տանել, տեսնենք թե ինչքանով օգուտ կլինի, ասում են, որ դեղորայքի օգտակարությունը երեք տարվա երաշխիք ունի»,- ասում է Մինաձեն։
Իսկ թե երբ կվերսկսեն դասերը դպրոցում տնօրենը ասաց.
«Հենց հասկանանք, որ դասարան մտնելը անվտանգ է, այդ ժամանակ կվերսկսենք դասերը դպրոցում։ Օձերը մի քանի տեսակի են, բայց թունավոր  չեն, չենք էլ կարող ասել թե կգա՞ն արդյոք թունավոր օձեր, թե՞ ոչ»։
Այն հարցին թե դասաժամերին հայտնվե՞լ են օձեր, տնօրենը պատասխանեց.
«Այո եղել է նման դեպք»։

Նշենք, որ Սամեբայի դպրոցի որոշ հատվածներ անմխիթար վիճակում են։ Շենքի հատակին ու պատերին առկա են ճեղքեր, որտեղից էլ օձերը թափանցում են դպրոցի մեջ։ Մեր այն հարցին թե արդյո՞ք նախատեսված է դպրոցի վերանորոգում Մզեքալա Մինաձեն ասաց.
«Քանի որ դպրցի բյուջեն փոքր է, ամեն տարի փուլ առ փուլ վերանորոգում ենք։ Այս պահին դպրոցը չունի այն հնարավորությունը, որ միանգամից վերանորոգենք ամբողջը»։

Radio NOR · Սամեբայի Դպրոցում Դեղեցին Օձերին

Աղբյուր ՝ Nor.ge