Մենք միշտ այնտեղ ենք, որտեղ մեր կարիքն ունեն միջազգային հանրությունը և Եվրամիությունը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրատիսլավայում՝ «Արևելյան հարևանության դաշնակիցների հետ գործընկերության ամրապնդում» թեմայով քննարկման ժամանակ։
Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանը անվճար ոչինչ չի խնդրում, Վրաստանը արդար վերաբերմունք է պահանջում։
«Ես ձեզ մի քանի խոսք կասեմ Եվրամիության անդամ դառնալու Վրաստանի ցանկության մասին։ Մենք խոսում ենք եվրոպացի բարեկամների հետ։ Ուզում եմ հասկացնել, որ Վրաստանն այն երկիրը չէ, որը միշտ անվճար ինչ-որ բան է խնդրում, մենք էլ ենք ներդրում ունենում։ Ես ձեզ մի քանի օրինակ կբերեմ: Մի քանի տարի առաջ մենք որոշեցինք զորքեր ուղարկել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն։ Բարդ որոշում էր։ Այսինքն՝ խոսքը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ԵՄ-ի գլխավորած գործողության մասին է։ Մենք մեկ 500 հոգանոց գումարտակ ուղարկեցինք Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ օգնելու մեր եվրոպացի ընկերներին: Մենք միշտ նպաստում ենք և միշտ այնտեղ ենք, որտեղ անհրաժեշտ է միջազգային հանրությանը և ԵՄ-ին։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին և մեր ներգրավվածությանը Իրաքում և Աֆղանստանում։ Այս երկրներում մենք ունեինք 2000 հոգանոց կոնտինգենտ: Համաշխարհային անվտանգության և խաղաղության համար մղվող մարտում զոհվել են մեր 35 հերոս մարտիկներ, մինչև 500-ը ծանր վիրավորվել են։ Իմ վերջին մեկնաբանությունն այն է, որ Վրաստանը անվճար ոչինչ չի խնդրում, մենք արդարացի վերաբերմունք ենք պահանջում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։