ԵՄ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՀ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄԸ. ԿԼԱԱՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը: Տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը: Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ գործակցության խորացումը և աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը: Զրուցակիցները քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Անդրադարձել են սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ՝ ՄԻՐԶՈՅԱՆ-ԿԼԱԱՐ ԶՐՈՒՅՑԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Միրզոյանը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է բրյուսելյան պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը և կարևորել գործնական քայլերի անհրաժեշտությունը։ Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների և սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվրամիությունը հետաքրքրված է նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Տոյվո Կլաարը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային իրավիճակը, կարևորել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատումը:
ԸՆԴԳԾՎԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԴԱՐՁՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հատուկ անդրադարձ է եղել հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման անհրաժեշտությանը: