ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը:
Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ:
Երկուստեք արձանագրվել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող պատշաճ մակարդակով նախատեսված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական, դաշնակցային փոխգործակցության շուրջ:
Հատկապես կարևորվել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետևողական կատարելագործումը, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը:
Զրույցի ընթացքում ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ է դիտվել խորհրդարանական երկկողմ ձևաչափը, ինչը նպաստում է համատեղ ակտիվ և կառուցողական աշխատանքին:
ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն:
Վյաչեսլավ Վոլոդինի համոզմամբ՝ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը գոհունակություն է հայտնել, որ համավարակից հետո հնարավորություն է ընձեռվել հրաժեշտ տալ առցանց շփումներին և հանդիպել ավանդական եղանակով ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Երկուստեք գոհունակություն է հայտնվել ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ և ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների և այլ միջազգային հարթակներում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակի վերաբերյալ:
Կարևորվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պրոֆիլային մշտական հանձնաժողովների և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի և Դաշնության խորհրդի մշտական հանձնաժողովների պարբերական համատեղ նիստերի անցկացման արդեն ավանդական դարձած պրակտիկան:
Գործընկերները քննարկել են այսօր տեղի ունենալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի որոշ մանրամասներ՝ հույս հայտնելով, որ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն իր ներդրումը կունենա և նոր լիցք կհաղորդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում: