Սույն թվականի հունիսի 7-ին, նախագահությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի, տեղի ունեցավ քահանայից ժողով: Այս մասին հայտնում է Սամցպե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ֆբ էջը։
Նծվում է, որ Ժողովն սկսվել է Տերունական աղոթքով: Օրակարգում հովվությունների հոգևոր և ծիսական խնդիրներին վերաբերող հարցեր են եղել: Հոգեշնորհ Հայր Սուրբը ծանոթացել է հովվությունների ներքո գործող եկեղեցիների գործունեությանը և համայնքների հետ տարվող աշխատանքներին, ինչպես նաև գնահատել և իր օրհնությունն է փոխանցել հոգևոր դասին:
Կարևորվել է առաջնորդական փոխանորդության հոգևոր տարածքում առավոտյան և երեկոյան ժամերգությունները միասնական հստակ ժամերի անցկացնելու հարցը։ Ժողովը որոշել է նաև յուրաքանչյուր ամիս անցկացնել քահանայից հավաքներ։
Նշենք, որ 2022 թ. մայիսի 25-ին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանի առաջնորդական տնօրինությամբ Հոգեշնորհ Տեր Նշան Վարդապետ Հմայակյանը նշանակվել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ։