Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 տարեկան աղջկա

Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 տարեկան աղջկա

Այսօր՝ հունիսի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում միջազգային բեռնափոխադրում իրականացնող բեռնատարը վրաերթի է ենթարկել գյուղի ակումբից դուրս եկող 7 ամյա աղջկան։
Աղջկան տեղափոխել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց, բժիշկները վիճակը ծանր են գնահատում, բայց ոչ ծայրահեղ։ Այնուհետեւ մասնագիտական պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով աղջկան տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը։
Համագյուղացիները պնդում են, որ բեռնատարը թույլատրելի արագությունը գերազանցել է։ Միջադեպից անմիջապես հետո ոստիկանոության աշխատակիցները բեռնատարի վարորդին բերման են ենթարկել, իսկ մեքենան տարվել է փորձաքննության։
Սուլդացիները բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին, որպեսզի գյուղում տեղադրվեն արհեստական անհարթություններ՝ այսպես կոչված՝  «պառկած ոստիկաններ», այլապես կփակեն գյուղի ճանապարհը դեպի Թուրքիա գնացող բեռնատարների համար։
Դեպքի վայր են այցելել Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ Վրաստանի Խորհարդարանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, նրանք զրուցել են համագյուղացիների հետ լսել նրանց առաջարկները։
Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել են, որ գյուղում 7 վայրում արհեստական անհարթություններ են տեղադրվելու։
ՏԻՄ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ միջպետական նշանակության այդ ճանապարհը վերահսկվում է ճանապարհային դեպարտամենտի կողմից եւ ըստ նրանց՝ ճանապարհաշինարարական նախագծում բնակելի վայրերի համար ներառված են եղել արհեստական անհարթությունները եւ քաղաքապետարանը զեկուցել է ճանապարհային դեպարտամենտին, արհեստական անհարթությունների բացակայությունը։