Այսօր՝ հունիսի 13-ին Ախալքալաքի մեծահասակների զարգացման կենտրոնում «Կանայք Ջավախքի ապագայի համար» կազմակերպության նոր նախագծի շնորհանդեսն էր, որի ընթացքում Ախալքալաքի ՀԿ-ների ներկայացուցիչները ծանոթացան «Ճիշտ քայլեր դեպի հաջողություն» նախագծի առաջիկա գործողություններին, նպատակներին եւ ակնկալիքներին։
«Ճիշտ քայլեր դեպի հաջողություն» նախագծում ներգրավված են Ախալքալաքի և Նինոծմինդայի ընդհանուր հաշվով 5 համայնք, երեք գյուղ Ախալքալաքից. Կարտիկամը, Տուրցխը և Վաչիանը և Նինոծմինդայից երկու գյուղ. Հեշտիան և Մեծ Գյոնդուրան:
Ծրագրի նպատակն է հանրությանը հասանելի դարձնել Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի մասին: Այս կերպ խթանելով տարբեր ոլորտներում զբաղվածությանը եւ գործազրկության մակարդակի նվազմանը։ Նախագծի հեղինակներն հույս ունեն աշխատատեղեր բացահայտել այն երիտասարդների համար, ովքեր բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնում են Ջավախք եւ աշխատատեղի խնդիր են ունենում:
«Նախագիծն այժմ ունի կամավորներ, ովքեր ներգրավված են տարբեր աշխատանքներում և օգնում են մեզ, իհարկե ելնելով իրենց հետաքրքրությունների շրջանակներից։ Հույս ունենք շատ երիտասարդների համար մեր նախագծի շնորհիվ նոր դռներ կբացվեն եւ աշխատանք գտնելն ավելի հեշտ կլինի»,- մեզ հետ զրույցում նշում է «Կանայք Ջավախքի ապագայի համար» կազմակերպության ներկայացուցիչ Լյոլյա Ռաիսյանը։
Ցանկությունը և հույս մեծ է, որ այս նախագիծը հաջող ընթացք եւ շարունակական բնույթ կունենա:
Ծրագիրը ֆինանսավորվում է People in need կազմակերպության կողմից։