Նշվեց վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը

Նշվեց վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը

Հունիսի 13-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում, կազմակերպությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության, նշվեց վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը:
Ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալին, Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն, խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սոզար Սուբարին, այլ քաղաքական ու հասարակական գործիչներ, հոգևորականներ, հայտնի հյուրեր ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից:
Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հյուրերին ուղղված ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։

Շնորհավորելով ներկաներին Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Ռուբեն Սադոյանը խոսեց երկու ժողովուրդներին դարերի ընթացքում միավորող բազմաթիվ կապերի և արժեհամակարգային ընդհանրությունների մասին՝ ընդգծելով, որ այս ամուր հիմքի վրա ձևավորված Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական հարաբերությունները հետևողականորեն շարունակում են զարգանալ՝ արձանագրելով նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ։

Իր հերթին նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան կարևորեց բարձր և բարձրագույն մակարդակում փոխադարձ այցելությունների պարբերականությունը, որն արտացոլում է երկու պետությունների միջև առկա փոխվստահությունը, բարեկամությունն ու կարևոր օրակարգը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը օրինակելի կդառնա տարածաշրջանի համար։