Netcracker Technology ընկերությունը նպատակ ունի ընդլայնելու գործունեությունը Հայաստանում

Netcracker Technology ընկերությունը նպատակ ունի ընդլայնելու գործունեությունը Հայաստանում


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 20-ին ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն, BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգի գլխավորած պատվիրակությանը։ 

 

Netcracker Technology-ն հեռահաղորդակցության և թվային ծառայությունների սպասարկման ոլորտի առաջատար ընկերություն է, որը մասնաճյուղեր ունի աշխարհի 56 երկրում: Հայաստանում արդեն իսկ գործունեություն է իրականացնում Netcracker Technology-ի BostonGene ընկերությունը, որն արդեն մոտ 400 աշխատակից ունի։ 

 

Այցի նպատակն էր քննարկել մեր երկրում համաշխարհային ճանաչում ունեցող այս ընկերության ընդլայնման հնարավորությունները։ 

 

Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը մի շարք առումներով բարենպաստ միջավայր է տեխնոլոգիական ոլորտում բիզնես հիմնելու և զարգացնելու համար։ Պետությունը մի շարք արտոնություններ է տրամադրում ՏՏ ոլորտի ընկերություններին՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար։ 

 

Էնդրյու Ֆայնբերգն ընդգծել է, որ ընկերության աշխատակիցները բարձրակարգ մասնագետներ են, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխարհով մեկ։ Հայաստանում նպատակ ունեն երկարաժամկետ գործունեություն ծավալել՝ հենվելով նաև հայ մասնագետների տաղանդի ու մասնագիտական հմտությունների վրա։ 

 

Բացի դրանից՝ ընկերության տնօրենը կարևորել է բուհերում համապատասխան ծրագրերի ներդրումն ու իրականացումը ընկերության համար անհրաժեշտ կադրերի պատրաստման համար:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ուղղություններով փոխգործակցության մի շարք հնարավորություններ։ Նշվել է, որ Հայաստանում կարևորվում է տեխնոլոգիական կրթության հանրայնացումը, էկոհամակարգի զարգացումը, և այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում։