Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցը


ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ
Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների բանակցությունները. օրակարգում ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամային իրավիճակն էր։
ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ կողմերը, մասնավորապես, քննարկել են թուրքական առևտրային նավերի անվտանգ ելքը և ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը։ Արձանագրվել է նաև, որ թուրքական «Ազով կոնկորդ» նավն արդեն դուրս է եկել Մարիուպոլի նավահանգստից և ուղևորվում է Նովոռոսիյսկ:
Թուրքական կողմն էլ հայտնել է, որ Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հացահատիկի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել։

ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԹԵՀՐԱՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ը կայցելի Թեհրան`քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովայի խոսքով՝ Լավրովի հանդիպումների օրակարգում են նաև Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և Աֆղանստանում զարգացումները, ինչպես նաև առևտրատնտեսական գործակցությունը:
Անդրադառնալով Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությանը՝ Զախարովան համոզմունք է հայտնել, որ այդ գործընթացը, կարծես, Արևմուտքի խարդավանքն է:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է
Ռուսաստանի դիվանագիտության բացարձակ առաջնահերթությունը միջուկային տերությունների միջև ուղիղ առճակատումը կանխելն է՝ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի սրման ռիսկերը և միջազգային զարգացումների անկանխատեսելիությունը՝ կարևոր է շարունակել երկխոսությունը»,- նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը մտադիր է ամրապնդել բազմակողմ գործակցության հարթակների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ կառույցների ներուժը:
«Կպաշտպանենք մեր, ինչպես նաև մեր դաշնակիցների անվտանգությունը և ազգային շահերը ցանկացած սպառնալիքից: Ձգտում ենք ձևավորել ավելի ժողովրդավար աշխարհ»,- եզրափակել է Ռյաբկովը։
ԵՐԿՐԱՇԱՐԺ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ. ԶՈՀՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 900 ՄԱՐԴ
Աֆղանստանի Պակտիկա և Խոստ նահանգներում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 920 մարդ, 610-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, Պակտիկա նահանգի գյուղերից մեկն ամբողջությամբ ավերվել է՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Թալիբան» շարժման նախարարների կաբինետը արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու երկրաշարժից տուժածներին աջակցության հնարավորությունը։

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ: