Վրաստանի խորհրդարանի երեք պատգամավոր՝ Դիմիտրի Խունդաձեն, Սոզար Սուբարին և Միխեիլ Կավելաշվիլին, որոնք զբաղեցնում էին հանձնաժողովների նախագահների պաշտոնները, լրագրողներին հայտնել են, որ լքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և օրենսդիր մարմնում կշարունակեն աշխատել որպես անկուսակցական պատգամավորներ, գրում է Interfax-ը:
«Վրացական երազանքի» առաջնորդների ու անդամների հետ մենք տարաձայնություններ չունենք, բացառությամբ մեկ հարցի՝ արդյոք հասարակությունը պե՞տք է ավելի տեղեկացված լինի»,- ասել է Խունդաձեն։
Նա նշել է, որ «Վրացական երազանքը» կուլիսներում շատ արդիական հարցեր է դիտարկում, և քաղաքական փաստերի ու իրադարձությունների մասին ավելի շատ տեղեկատվություն պետք է հաղորդվի բնակչությանը»:
Պատգամավոր Սուբարիի խոսքով՝ շատ մեծ է հավանականությունը, որ Վրաստանը ներքաշվի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
«Շատերն են ցանկանում Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ, և նրանց մեջ կան շատ ազդեցիկ մարդիկ: Եթե մի օր կրակոց արձակվի, այլևս չես վերահսկի գործընթացը: Այսօր ժողովուրդն է երաշխավորը, որ Վրաստանը չի միանա պատերազմին, և ժողովուրդն էլ պետք է իմանա ճշմարտությունը»,- ասել է Սուբարին։
«Վրացական երազանքից» երեք ակտիվ անդամի դուրս գալու որոշումն անսպասելի էր ոչ միայն իշխող կուսակցության ղեկավարների, այլև ընդդիմության համար։
Չնայած երեք պատգամավորները լքում են «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցությունը, այն իր շարքերում ունի 81 պատգամավոր և պահպանում է մեծամասնությունը խորհրդարանում։