Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի լավագույն տարբերակն ենք ընտրել. Արցախի նախագահ

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի լավագույն տարբերակն ենք ընտրել. Արցախի նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի շինարարությանը: Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Հարությունյանը հայտարարել է, որ այլընտրանքային ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) — Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել, ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային մեր խնդիրը: Մենք կարող ենք փակ դահլիճում ներկայացնել, թե ինչու է շատ ավելի անվտանգ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում նշված է.
«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար»:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
Նոր երթուղին Շուշիի շրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերով կկապվի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքին: Ճանապարհի մի հատվածի շինարարությունն իրականացնում է ադրբեջանական կողմը:
Արայիկ Հարությունյան — Երբ որ լինի ճանապարհ, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ արդյոք առաջին հերթին որակական առումով, կառուցման որակով համապատասխանո՞ւմ է, արդյոք համապատասխան՞ում են այս ստանդարտներին, որը մենք ենք ուզում:
Եռակողմ համաձայնագրով Ադրբեջանին պետք է վերադարձվի Բերձորի շրջանը: Հայկական վերահսկողության տակ գտնվող Սուս գյուղի հետագա ճակատագիրը, սակայն, դեռ չի քննարկվել՝ ասել է Արցախի նախագահը, նաև հայտարարել՝ բանակցություններ են ընթանում Աղավնոն հայկական պահելու համար:
Արայիկ Հարությունյան — Աղավնո բնակավայրի հետ կապված՝ մենք անելիքներ ունենք: Այդ ուղղությամբ մենք շարունակում ենք բանակցություններ տանել:
Նոր ճանապարհի ուղղությամբ Հայաստանից դեպի Արցախ պետք է անցկացվի նոր էլեկտրագիծ ու կապի մալուխային գծեր: Գազատարի կառուցման հետ կապված բանակցություններ են ընթանում: