ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու շուրջ 14.07.2022 . Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու շուրջ
		14.07.2022 . Միջազգային


ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները հանդես են եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով՝ առաջարկելով փոփոխություններ 2023 թ. Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում (FY 2023 National Defense Authorization Act)՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Օրենսդրական նախաձեռնություններից չորսն արդեն դրական եզրակացություն են ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի կողմից, որի համաձայնությամբ՝ օրենսդրական այս նախագծերը քվեարկության կդրվեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: 

Փոփոխություն 611-ը (նախկինում՝ 698) ներկայացրել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Այն պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց: Այս օրինագծին որպես համահեղինակ միացել է ավելի քան 25 կոնգրեսական:

Փոփոխություն 121-ը (նախկինում՝ 837) ներկայացրել են կոնգրեսականներ Թոնի Քարդենասը և Բրեդ Շերմանը: Օրինագիծը պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջում է պատրաստել զեկույց, որը մանրամասն կներկայացնի ԱՄՆ պահեստամասերի օգտագործումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանն օգտագործել է Ղարաբաղում 2020 թ. պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին: Այս նախաձեռնությանը աջակցել է շուրջ երկու տասնյակ այլ կոնգրեսական:

Փոփոխություն 337-ը (նախկինում՝ 992) ներկայացրել է կոնգրեսական Ջեքի Սփեյերը, որը հանձնարարում է պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համաձայնեցնելով, Կոնգրեսին ներկայացնել Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի դրանից՝ զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի՞ խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Օրինագիծն աջակցել է շուրջ 15 կոնգրեսական:

Փոփոխություն 399-ըն (նախկինում՝ 478) առաջ են քաշել կոնգրեսականներ Քրիս Պապպասը և Գաս Բիլիրակիսը: Այն համապատասխան պահանջներ առաջ կքաշի Թուրքիային F-16-ների կամ F-16-ների արդիականացման փաթեթների վաճառքի կամ փոխանցման հարցում: Դրան աջակցել են շուրջ 17 կոնգրեսականներ: