Քիշնևը ցանկանում է Բուխարեստի հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել՝ հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:
«Մոլդովայում գազի սակագինը միայն վերջին տարվա ընթացքում չորս անգամ բարձրացել է: Մեր քաղաքացիները Ռումինիայի քաղաքացիներից երկու անգամ թանկ են վճարում գազի դիմաց՝ հաշվի առնելով երկու երկրների քաղաքացիների եկամուտների մեծ տարբերությունը»,- ասել է Սանդուն, որը հուլիսի 29-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում:
Նա տեղեկացրել է, որ երկրի իշխանությունների հետ քննարկում է գազի որոշակի ծավալի գնման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրի ստորագրման հնարավոր տարբերակը:
Սանդուի խոսքով՝ գազի շուկան այսօր անկանխատեսելի է: «Մենք չենք կարողացել գտնել այլընտրանք, քանի որ բոլորն այսօր գազ են փնտրում»,- ասել է Մոլդովայի նախագահը: