Էթնոռոկը Ախալքալաքի LineUp մշակույթի կենտրոնում

Էթնոռոկը Ախալքալաքի LineUp մշակույթի կենտրոնում

Այսօր՝ օգոստոսի 15֊ին Ախալքալաքի LineUp մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ երաժշտական ցերեկույթ՝ մասնակցությամբ Ախալքալաքի եւ մունիցիպալիտետի գյուղերի տաղանդավոր երիտասարդների։

Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Ախալքալաքի քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, ՏԻՄ այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդ ջավախքցիներ, որոնց հետաքրքրում եւ գրավում է երգարվեստը։

LineUp կենտրոնի տնօրեն Ռադիկ Եզոյանի խոսքով, իրենք էլ լինելով երիտասարդ անում են ամեն ինչ, որպեսզի երիտասարդ ստեղծագործողները կարողանան ինքնարտահայտվել եւ լինեն լսելի իրենց հայրենի քաղաքում։

Համերգին մասնակցեցին Արտյուշ Պողոսյանը, Տիգրան Մղդեսյանը, Իրինա Շիպակցյանը, Մելինե Օվակյանը, Մելս Պողոսյանը եւ Մարտին Մելքոնյանը։ Իսկ հնչյունային ռեժիսորը LineUp կենտրոնի կիթառի ուսուցիչ Արմեն Երիցյանն էր, ով նաև իր նվագակցությամբ համեմում էր երիտասարդների կատարումները։

Արմեն Երիցյանը երկար տարիներ աշխատել է Ախալքալաքի նվագախմբում, իսկ նվագախմբի գործունեությունը դադարելուց հետո Ախալքալաքի երիտասարդներին սովորեցրել է կիթառ նվագել, այսօր էլ դասավանդում է նորաստեղծ մշակույթի կենտրոնում եւ ելույթ ունեցողներից շատերի ուսուցիչն է եղել, իսկ համերգի կրտսեր մասնակիցները՝ Մելսը եւ Մարտինը այսօր էլ շարունակում են պարապմունքները։

Արմեն Երիցյանը նշում է տեխնիկական խնդիրները շատ են, սակայն գործելով պետք է հաղթահարել խնդիրները։ Իհարկե ավելի լավ տեխնիկայի առկայության դեպքում ավելի բարձր մակարդակ կլինի, նա հույս է հայտնում առաջիկայում ունենալ ավելի բարձրակարգ սարքավորումներ եւ էլ ավելի հաճախ կազմակերպել համերգներ ոչ միայն Ախալքալաքում, այլ նաև քաղաքից դուրս։

Արտյուշ Պողոսյանը, ով երաժշտական ցերեկույթ անցկացնելու գաղափարին սիրով է միացել եւ կազմակերպչական մի շարք հարցերով անձամբ զբաղվել, անկեղծանում է եւ նշում, որ շատ կցանկանար, երբ Ախալքալաքում երիտասարդներին հարցնեին՝ ի՞նչ կա, չասեին՝ ոչինչ։ Նրա համոզմաբ երիտասարդությունը պետք է սկսի հետաքրքրությունների շրջանակը լայնացնել, իսկ ինքը պատրաստ է, ինչքան կամենա Աստված, մնա սիրելի քաղաքում եւ տարբեր միջոցառումներ անցկացնի համաքաղաքացիների համար։

Մելինե Օվակյանը եւ Իրինա Շիպակցյանը մասնագիտացած են ժողովրդական եւ գուսանական երգարվեստում։ Իրինան նշում է, իր համար էքսպերիմենտ էր կիթառի ուղեկցությամբ ներկայացնել Կոմիտասի կամ Սայաթ֊Նովայի ստեղծագործությունները, սակայն արդյունքից գոհ է եւ կարծում է, որ դարձյալ կփորձի։

Մելինեն նշում է, որ մեր օրերում երիտասարդությանը հին ու ազգային երգերը սրտին հասցնելու համար նոր ռիթմ է պետք եւ ըստ նրա այսօրինակ երաժշտական մոտեցումները կարող են նպաստել, որ երիտասարդներն էլ ավելի սիրեն եւ գնահատեն ազգայինը։

Տիգրան Մղդեսյանին Ախալքալաքում շատերն են ճանաչում եւ սիրում։ Դուդուկը, սաքսաֆոնը եւ կլառնետը նրա լավագույն բարեկամներն են, քչախոս է եւ ասում է, որ ինքը միայն նվագով է խոսում, իսկ իր նվագը յուրահատուկ համ ու հոտ է տալիս ուղեկցվող յուրաքանչյուր կատարման։

Մելս Պողոսյանի համար սա առաջին ելույթն էր հադիսականի ներկայությամբ, նրա կարծիքով առաջին անգամի համար պետք է ավելի պատասխանատու լինել։

Երիտասարդների կատարումները հանդիսականին դուր եկան ու որպես ամփոփիչ համար հանդիսատեսի խնդրանքով էքսպերիմենտալ ելույթ ունեցան բոլոր մասնակիցնորը միասին։

Նշենք, որ Ախալքալաքում գրեթե երկու ամիս է, ինչ գործում է LineUp կենտրոնը եւ մինչ այս պահը կենտրոն են հաճախում ավելի քան 130 սան, ովքեր սովորում են պարարվեստ, թատերարվեստ, երաժշտություն, ինչպես նաև ծանոթանում են ֆոտո եւ վիդեոարտադրանքներին։