Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել է, որ երբեք չի բացառել երկխոսությունն ու դիվանագիտությունը Սիրիայի հետ, գրում է Reuters-ը, միաժամանակ ընդգծում, որ վերջին տարիներին Թուրքիան մի քանի ներխուժում է իրականացրել հարևան պետության տարածք:
Պատասխանելով Դամասկոսի հետ հնարավոր բանակցությունների մասին հարցին՝ Էրդողանն ասել է, որ պետությունների միջև դիվանագիտությունը երբեք չի կարող լիովին խզվել: «Անհրաժեշտ է Սիրիայի հետ կապված հետագա քայլեր ձեռնարկել»,- հավելել է Էրդողանը։
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին Թուրքիայի նախագահը խոստացել էր ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում, սակայն հետագայում հրաժարվեց այդ մտադրությունից։
Սիրիայի պատերազմում Անկարան աջակցում է ընդդիմադիր ուժերին, Դամասկոսն էլ Անկարային մեղադրում է Սիրիայում «ահաբեկչական» խմբավորումներին աջակցելու մեջ։