ԵՄ-ում գունավոր մետաղների արտադրության խոշոր գործարանները դադարեցնում են աշխատանքը: Նրանց ղեկավարները նամակ են գրել Եվրամիությանը՝ զգուշացնելով, որ արդյունաբերությունը չի կարող դիմակայել գազի ու էլեկտրաէներգիայի գների աճին։ Նրանց փոխարեն եվրոպական շուկա են մտնում Չինաստանի և այլ երկրների արտադրողները։ Եվրոպական ընկերությունների ղեկավարները պահանջել են շտապ քայլեր ձեռնարկել արդյունաբերությունը փրկելու համար։
Ասոցիացիան նշել է, որ ալյումինի և ցինկի արտադրության 50%-ն արդեն դադարեցվել է։ Նվազել է նաև սիլիցիումի և ֆերոհամաձուլվածքների արտադրությունը: Հետագա ազդեցությունը կլինի նիկելի և պղնձի արտադրության վրա։
«Եվրոպան չի ունենա հաջողակ էներգետիկ և ապրանքային ռազմավարություն, եթե նրա էլեկտրաէներգիայի և գազի գները երկար ժամանակ մնան ներկայիս մակարդակին»,- շարունակում են հեղինակները:
Eurometaux ասոցիացիայի տվյալներով՝ այսօր Եվրոպա են ներմուծվում բազմաթիվ մետաղներ Չինաստանից և այլ երկրներից։
Eurometaux-ն առաջարկել է տասնյակ միջոցառումներ ինչպես էներգակիրների գների իջեցման, այնպես էլ արդյունաբերությանն աջակցելու համար։ Դրանց թվում են ֆինանսական օգնությունը, հարկերի կրճատումը և արտասահմանյան մատակարարների համար ածխածնի հարկի ներդրումը: Ասոցիացիայի տվյալներով՝ Եվրոպայում գունավոր մետաղներ արտադրողների շրջանառությունը կազմում է տարեկան 120 մլրդ եվրո։ Գործարաններում աշխատում է 500.000 մարդ, ևս 3 միլիոնն աշխատում է համագործակցող ոլորտներում: