Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղի գերեզմանատան ծածանվող հայկական դրոշները հուշում են, որ այդտեղ հուղարկավորված է հերոս, ով կյանքը տվել է հանուն հայրենիքի ազատության եւ խաղաղության՝ այդտեղ Սամվել Սուրենի Հովհաննիսյանի գերեզմանն է, ով զոհվել է 2020 թվականի Արցախյան 44 օրյա պատերազմում։
Սամվել Սուրենի Հովհաննիսյանը ծնվել է 1995 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 2014 թվականից, զինվորականի կրթություն է ստացել Հայաստանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է 2018 թվականին եւ տեղափոխվել Արցախ՝ Մարտակերտ ծառայության։
Սամվելի մայրը պատմում է, որ իրենք կամեցել են, որ որդին բժշկի մասնագիտություն ստանա, սակայն Սամվելն ընտրել էր զինվորականի ուղին։ «Բնավորությամբ շատ հանգիստ էր, բոլորին օգնում էր։ Երբ տեղափեխվել էր Մարտակերտ մենք գնացինք իր մոտ։ Զինվորական կյանքից երբեք չէր պատմում, միշտ մեզ էր հարցնում, թե ոնց ենք։ Հայրենիքը շատ էր սիրում, իսկ Ջավախքը իր փոքր հայրենինք էր համարում։ Պատերազմի օրերին վստահ էի, որ նա ապրելու է, նա այնքան բարի էր։ Իր ծննդյան օրը նոյեմբերի 7֊ին էր, իսկ նա նոյոմբերի 1֊ին զոհվել է։ Ես չեմ հավատում որ նա չկա, անհնար է հաշտվել»,֊ պատմում է Սամվելի մայրը՝ Կարինե Հովհանիսյանը։
Հայրը՝ Սուրեն Հովհաննիսյանը նշում է, կորուստն անդառնալի է, դիմանալ չի լինում, սակայն հպարտ է, որ Սամվելի հայրն է։ Նա պատերազմն ավարտված չի համարում, քանի դեռ Արցախի հարցն անորոշ է։ Նա չի կամեցել, որ որդուն Եռաբլուր պանթեոնում հուղարկավորեն։ «Սամվելի ընտրած ուղին սխրանք էր, նա նվիրված զինվոր էր, լավ զավակ։ Նա կյանքը հայրենիքին տվեց, սակայն այստեղ՝ գյուղում է իր տունն ու հարազատությունը, նրա գերեզմանն էլ պետք է այստեղ լինի»,-արցունքները կոկորդում խեղդելով ասում է Սամվելի հայրը։
Սամվելը երկու եղբայր ունի, մեկն ընտրել է ծրագրավորողի մասնագիտությունը, իսկ փոքր եղբայրը ուզում է զինվորական դառնալ, մայրը կարծում է, որ փոքր որդին պետք է ատամնաբույժ դառնա։
Նրանց տան յուրաքանչյուր անկյուն ավագ որդուն հիշեղնոց իր է. Արցախի դրոշը, զինվորական ուսադիրներ, Արցախի նախագահից ստացած արիության մեդալ, լուսանկարներ եւ Սամվելի գրած տողերը, որ որպես խոստում դեռ կենդանի հնչում են. «Ես անպայման գալու եմ»…