Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ դեսպաններին

Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ դեսպաններին

Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը կոպիտ ձեւով խախտել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված հրադադարի ռեժիմը եւ հարվածներ հասցրել Հայաստանի մի շարք քաղաքների ու շրջանների։ Ադրբեջանը իր ագրեսիան հարեւան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրել է տարբեր զինատեսակներից, մասնավորապես հրետանիի եւ ԱԹՍ-ների միջոցով: Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով Հայաստանում կան քաղաքացիական շինությունների վնասվածքներ եւ վիրավորներ։
Այս ժամանակներում երբ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը Ուկրաինայի կողքին պայքարում է ընդդեմ Ռուսաստանի զավթիչ գործողությունների, Ռուսաստանի հարավային դաշնակից Ադրբեջանը ռմբակոծում է ժողովրդավարական սկզբունքներ դավանող ինքնիշխան Հայաստանի տարածքը, փորձելով շանտաժի եւ բռնազավթման սպառնալիքների միջոցով հասնել Զանգեզուրի միջանցքի ձեւավորմանը։
Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գլխավորությամբ պարտավոր է կանգնել ժողովրդավարական ուղու վրա հաստատակամ կանգնած փոքրիկ եւ ինքնիշխան Հայաստանի կողքին, որպեսզի Հայաստանի նկատմամբ չիրագործվի այն նույն սցենարը, որն այսօր իրականացվում է ընդդեմ ինքնիշխան եւ Ժողովրդավարական Ուկրաինայի։
Չնայած նրան, որ Հայաստանը համարվում է ՀԱՊԿ-ի անդամ եւ ՌԴ-ի դաշնակից, ամենայն պատասխանատվությամբ պետք է նշենք, որ տվյալ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ հաստատվել են դեռեւս այն ժամանակներում, երբ ՌԴ-ն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գործընկեր պետություն էր, ու դա արվել էր Հայաստանի կողմից սեփական անվտանգությունը ապահովվելու նպատակով։ Այսօր ցավով պետք է փաստենք, որ ՌԴ-ն Հայաստանի համար դաշնակցից ու անվտանգության երաշխավորից վերածվել է այդ երկրի ինքինշխանության յուրացնել ցանկացող պետության, ինչը չի կարող տեսանելի չլինել ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին։
Հարգարժան դեսպաններ, դա է պատճառը, որ ցանկանում ենք Ձեր միջոցով դիմել ԱՄՆ-ի եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտպանելու համար ժողովրդավարական ուղին բռնած փոքրիկ Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Կոչ ենք անում վճռական ձեւով հավասարության նշան դնել բոլոր ավտորիտար ռեժիմների միջեւ, որոնք ուժի եւ բռնությունների միջոցով փորձում են բռնազավթման ենթարկել հարեւան երկրների տարածքները, ինչը անընդունելի է միջազգային բոլոր նորմերի համաձայն։
 
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն,
 Վրաստան 13․09․2022թ․