Քուվեյթի Պետությունը շեշտում է Հայաստանի և Ադրբեջան անկախությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության և անվտանգության ապահովումը: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Ալ Էնեզին:
«Անհրաժեշտ ենք համարում ջանք չխնայել հրադադարի հաստատման ուղղությամբ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունը, զսպվածություն դրսևորել և տարաձայնությունները լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով»,- նշել է դեսպանը։
Նրա համոզմամբ՝ պետությունների միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ամբողջականության հարգման, բարիդրացիության սկզբունքների, ներքին գործերին չմիջամտելու և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու վրա։
«Գերիների հարցն առաջին հերթին մարդասիրական է և բարոյական, և Քուվեյթի Պետությունը կոչ է անում կողմերին՝ անհապաղ ազատ արձակել գերիներին: Լինելով պետություն, որն անցել է նման ճգնաժամային պահերով, Քուվեյթը չի կարող անտարբեր լինել և հասկանում է այն ցավը, որն ապրում է այս պահին հայ ժողովուրդը»,- եզրափակել է դեսպանը: