Արևմուտքի արձագանքը ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացվող հանրաքվեներին

Արևմուտքի արձագանքը ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացվող հանրաքվեներին



Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում ու Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացվող հանրաքվեները բացասական արձագանքներ են առաջացրել Արևմուտքում: Առաջինը դրանց արդյունքները մերժելու հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա դատապարտել է հանրաքվեների անցկացումը՝ դրանք համարելով կեղծ, և որ չեն փոխի Կիևի դիրքորոշումը այդ տարածքների վերադարձման հարցում:
Շվեյցարիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Գարմոնինին կանչել են ԱԳՆ և հայտնել երկրի դատապարտող վերաբերմունքը հանրաքվեներին: Շվեյցարիայի կառավարությունը հայտնել է, որ նախագահ Իգնացիո Կասիսը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այդ դիրքորոշումը հստակ փոխանցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Բեռնը միաժամանակ չի բացառել, որ կմիանա հանրաքվեների պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին:
Ըստ BBC-ի՝ եվրոպացիները սկսել են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ ի պատասխան մասնակի զորահավաք անցկացնելու Վլադիմիր Պուտինի որոշմանը, հանրաքվեներ անցկացնելուն:
Լրատվական գործակալությունը ենթադրում է, որ եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է լինել խորհրդանշական և հռչակագրային, քանի որ պատերազմի վեց ամիսների ընթացքում Եվրոպան խզեց Ռուսաստանի հետ իր առևտրային և ֆինանսական կապերի մեծ մասը, առկա միջոցներն էլ շատ սահմանափակ են:

Պատժամիջոցների վեց փաթեթից հետո ԵՄ-ին մնացել է երկու հաղթաթուղթ՝ նավթի գնի շեմը և ռուսական գազի գնի սահմանափակումը: ԵՄ-ում առաջինին դեմ է փոքրամասնությունը, իսկ երկրորդին՝ մեծամասնությունը, ընդունելով, որ այդ միջոցները դժվար իրագործելի են և սպառնում են առաջիկա ձմռանը Կրեմլի կողմից նավթի և գազի շրջափակմամբ: