Եթե 1998 թ. ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, հարցը վաղուց արդեն կարգավորվել էր. Փաշինյան

Եթե 1998 թ. ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, հարցը վաղուց արդեն կարգավորվել էր. Փաշինյան


Արցախն ակնկալում է, որ Հայաստանն իրեն պետք է պաշտպանի միջազգային հարթակներում, Հայաստանն էլ կարծում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի հետ առանձին բանակցի. այստեղ հակասություն չկա՞: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, այս հարցին պատասխանելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրականում հակասություն չկա:
«Եթե կա, այդ  հակասությունն առաջացել է մի շատ մեծ սխալի արդյունքում, որ 1998 թ. Արցախը դուրս է թողնվել բանակցային պրոցեսից. դա աղետալի սխալ է եղել, դրա հետևանքները մենք մինչև օրս կրում ենք: 2018 թվականից իմ դիրքորոշումն է եղել, այն կիսել են նաև ԼՂ իշխանությունները, որ Արցախը պետք է լինի ԼՂ խնդրի կարգավորման և ԼՂ հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ հիմնական խոսողը: Ես շարունակում եմ մտածել այդպես, որ, այո՛, ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն խոսակցության կողմ. սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է»:
Դիտարկմանը, թե այս դեպքում Հայաստանն է դուրս մնում խոսակցությունից, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ Հայաստանը չի կարող խոսակցությունից դուրս մնալ անգամ ցանկության դեպքում, որովհետև Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, և տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների որևէ հարցից չի կարող դուրս մնալ:
«Իհարկե, ԼՂ հիմնախնդիրը մեզ համար ունի հատուկ կարևորություն, մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանում ենք նաև ԼՂ մեր հայրենակիցների շահերը»,- ընդգծեց վարչապետը:
Փաշինյանի համոզմամբ՝ ԼՂ մեր հայրենակիցների հաջողության գրավականը այնտեղ ապրելն է, ստեղծագործելը, աշխատելն ու արարելը, իսկ ՀՀ-ն բոլոր հնարավոր պայմանները ստեղծում է դրա համար:
Նրա խոսքով` ԼՂ բյուջեն իր պատմության մեջ երբեք չի եղել այնքան, որքան այսօր է, ՀՀ բյուջեից ԼՂ-ն երբեք այսքան աջակցություն չի ստացել:

«Այո՛, ԼՂ-ի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենան խոսակցություն, երկխոսություն, բանակցություն: Եթե 1998 թվականին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, այդ հարցը վաղուց արդեն կարգավորվել էր»,- ասաց վարչապետը: